Երևանի բնակարաններից մեկում գազի բալոնից հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Երևանի բնակարաններից մեկում գազի բալոնից հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 5-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 67 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:11-ին, մարվել՝ 10:13-ին:

Այրվել են 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և փայտե պահարանը՝ մասամբ (մոտ 1 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: