ՀՔԾ պետի ասածը թյուրիմացություն է եղել. Քոչարյանի պաշտպանների բողոքը կքննվի երեքշաբթի

Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման դիմումը Վերաքննիչ դատարանը մինչև երեքշաբթի չի քննի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Սասուն Խաչատրյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում թյուրիմացաբար է ասել, թե Վերաքննիչ դատարանը այսօր կքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը:

«Ցանկացած հերթական ելույթ փաստելու է՝ գործը քաղաքական հետապնդման դրսևորում է». Սողոմոնյան

Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«Երեկ ՀՔԾ պետի կողմից թյուրիմացաբար տեղեկատվություն հնչեցվեց, իբրև Վերաքննիչ դատարանը մեր բողոքը քննելու է այսօր: Այդպիսի բան չկա, երկուշաբթի օրը դեռևս բողոքարկման օր է, և առնվազն մինչև երեքշաբթի բողոքը չի քննվելու»,- պարզաբանեց նա:

Փաստաբանն ասաց նաև, որ ինքը պատրաստվում է երկուշաբթի նաև իր կողմից բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան, իսկ բողոքը վարույթ չընդունելու հիմք դատարանը չունի:

«Որպես կանոն՝ Վերաքննիչն ընդունում է վարույթ, եթե ձևական առումով չկա որևէ խախտում: Վարույթ ընդունելու որոշում չունենք, բայց չունենք նաև հակառակ որոշում: Երկուշաբթի օրը ես պատրաստվում եմ նաև իմ կողմից ներկայացնել վերաքննիչ բողոք. ուղղակի իմ տեսակետն եմ ուզում ներկայացնել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: