Ինը թիմ և «ընտանիք» վերադարձած «Շիրակ». մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Հայկական ֆուտբոլի սիրահարներն այսօր, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում, 2 խաղի ականատես եղան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. 2018/19 թվականների ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում մեկնարկեց երկու խաղով: Երևանում «Բանանցն» ու «Շիրակը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին, իսկ «Լոռին» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց «Արարատ-Արմենիայից»:

Ի տարբերություն նախորդ առաջնության, որին մասնակցում էին վեց թիմեր, այս մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար պայքարի մեջ են մտնելու ինը թիմեր: Առաջնության մեկնարկից առաջ «Շիրակը», որը հեռացել էր բարձրագույն խմբի «ընտանիքից», վերադարձավ։ Սակայն պարզ է, որ թիմի համար առանց ուսումնամարզական հավաքների  ու մի քանի առաջատար խաղացողների  շատ դժվար կլինի:

Երևանի «Փյունիկը» հաղթեց Կոստանայի «Տոբոլին»

Գյումրեցիները ստիպված էին արագորեն հավաքել իրենց կազմը, բայց բնական է, որ համագործակցության առումով «Շիրակը» դեռ շատ անելիքներ ունի: Չնայած այս բոլոր դժվարություններին, գյումրեցիները պատվով դուրս եկան առաջնության մեկնարկային խաղում ու «Բանանցի» հետ խաղում  կարողացան մեկ միավոր վաստակել: Ընդհանուր առմամբ, այս խաղն անցավ հավասար պայքարում: Փոփոխական հաջողություններով գործելով` թիմերը գոլային պահեր ստեղծեցին, սակայն բավարարվեցին մեկական միավորով։

Առաջնության նորեկների՝ «Լոռիի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակցությունում նույնպես խաղն ընթացավ դիտարժան ու լարված պայքարում: Սակայն ի վերջո, զգացնել տվեց հյուրերի կազմում հանդես եկող առանձին ֆուտբոլիստների բարձր կարգը ու «Արարատ-Արմենիան» արժանի հաղթանակի հասավ` 2:0 հաշվով: Այս խաղի ու առաջնության առաջին գոլը հեղինակեց բուլղարացի Իվայլո Դիմիտրովը, իսկ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը ամրապնդեց փորձառու Հրայր Մկոյանը, որը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Առաջնությունում վաղը՝ օգոստոսի 5-ին, նախատեսված էր անցկացնել ևս երկու հանդիպում, բայց «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը, երևանցիների Եվրոպայի լիգայի մասնակցության պատճառով, հետաձգվել է, իսկ «Արարատ»-«Ալաշկերտ» խաղը կկայանա «Նաիրի» ստադիոնում: