Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը բաղկացած է երկու հատվածից. ցուցահանդես-տոնավաճառից հետո կներկայացվեն հայ դիզայներների նոր հավաքածուները:
Այս տարի փառատոնին մասնակցել է 25 տաղավար: Բարի ավանդույթ է դարձել նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը փառատոնին: Իրենց ազգային մշակույթը տաղավարներում ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ն, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան:
Այս տարի փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից Երևան է ժամանել Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով խոստովանել է, որ հիացած է հայկական տարազների գեղեցկությամբ: «Շատ ուրախալի է, որ Երևանում կարևորում են ազգայինը, ավանդականը և համադրում են այն ժամանակակից ոճերին: Ստացվում է շատ գեղեցիկ և ինքնատիպ դիզայն: Ինձ և հազարավոր այլ զբոսաշրջիկների համար սա իսկական տոն է և առիթ՝ ծանոթանալու հայկական բազմադարյա մշակույթին»,- նշել է Մերսեդես Մենոր Սեզպեդեսը: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում նա ներկայացրել է նաև իր ազգային տարազները, որոնք բերել էր Իսպանիայից: