Արցախում հայտնաբերել են «մոխրագույն ժայռերի աստծուն». ի՞նչ է բղավում քարե ծերունին

Արցախում հայտնի «զոնտիկների» ճանապարհին շատ անսովոր ժայռ եн նկատել։ Համացանցի օգտատերերը նշում են, որ քարե բեկորը նման է ծովերի աստված Նեպտունին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Արցախի հսկայական ժայռը, որն ասես բերանը բաց ծերունի լինի, Facebook–ի օգտատերերի շրջանակում մեծ հետաքրքրություն է առաջացրել։

Անսովոր ժայռը նկատել է Ստեփանակերտի բնակիչ, նախկինում «HaloTrust» մարդասիրական սակրավոր, իսկ ներկայումս Արցախում ուղեկցորդ աշխատող Դավիթ Սիմոնյանը։

Երգում են Արցախի բարբառով. Voices of Artsakh–ը երգել է Բաքվում աղմուկ բարձրացրած հիթը

«Հազարամյակներով կանգնած է ու ոչ ոք չէր նկատում, իսկ այն բղավում է։ Ես այսօր լսեցի, շրջվեցի ու տեսա», – ժպիտով ասում է Դավիթը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա համոզված է, որ շատերն են տեսել այն, բայց ուշադրություն չեն դարձրել։

«Մոռացել էինք դրա մասին, և ահա նա իմ օգնությամբ հիշեցրեց իր մասին», – ասում է բլոգերը։

Facebook–ում բուռն քննարկում էր սկսվել այն բանից հետո, երբ ուղեկցորդը նկարահանել ու իր էջում հրապարակել էր «մոխրագույն ժայռի աստծուն»։

«Քարե մարդը… մեզ մոտ եմ գտել, պետք է նրա համար անուն հորինել… հազար անգամ կողքով անցել ու չեմ նկատել», – գրել է Դավիթը։

Զբոսավարի բաժանորդները սկսել էին մտածել` ինչպես անվանել «ծերունուն»։ Տարբեր կարծիքներ են հնչել` «սարերի տիրակալ», «ժայռամարդ», նույնիսկ` «գահի վրա նստած թագավոր»։

«Սուպեր։ Նստած մորուքավոր պապ` ձեռքերը ծնկներին դրած։ Առանձնապես մշակելու կարիք էլ չկա», – գրել է Facebook–ի օգտատերերից մեկը։

Մյուսը կարծիք է հայտնել, որ եթե քարե ծերունին բացի ձեռքերը, զբոսաշրջիկներն ավելի հաճույքով կլուսանկարվեն նրա հետ։ «Ո՞վ է սկսելու լուսանկարվելու համար տոմս վաճառել։ Լավ գաղափար է։ Գումարն էլ բյուջե կգնա», – գրել է երրորդը։

Ով գիտի՞, հնարավոր է որոշ ժամանակ անց Արցախի «մոխրագույն ժայռերի աստծուն» տեսնելու համար իսկապես զբոսաշրջիկների խմբեր կգան, որպեսզի օրիգինալ լուսանկար ունենան նրա հետ։