«Չի կարող լինել բացարձակ անձեռնմխելիություն». ՀՔԾ պետը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Սասուն Խաչատրյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 Օգոստոս — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, իմ կարծիքով, պետք է մերժվի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ սա ելնում է գործի շահերից, քանի որ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով նախկինում նրա զբաղեցրած պաշտոնական դիրքը, ստեղծած կապերը:

Խաչատրյանը հիշեցրել է, որ ավելի վաղ էր Ռ. Քոչարյանը հարցաքննության հրավիրվել որպես վկա: «Բայց քրեական գործի վարույթը ինչ-որ ստատիկ վիճակ չէ, պրոցես է, որոշակի պրոցեսներ են իրականանում, ամեն պահի հավաքվում են ապացույցներ, մեծ քննչական խումբ է աշխատում»,-ասել է նա, հավելելով, որ անձը մի ժամ առաջ կարող է լինել վկա, մեկ ժամ հետո՝ ապացույցների հիման վրա, գան համոզման, որ առկա է համակցությունը, որ կարող է հիմք հանդիսանալ անձին մեղադրելու համար: