Շիրակի դատախազությունը որոշել է բացել 10-ամյա վաղեմությամբ սպանությունների գործերը

Շիրակի մարզի դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է 10 տարի առաջ կատարված ու չբացահայտված սպանություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախկինում կատարված տասնյակ սպանությունների քրեական գործերի վարույթները կասեցվել են մեղադրյալի անձը պարզված չլինելու հիմքով։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ այդ գործերով նախաքննության մարմինների կողմից տևական ժամանակ հանցագործության բացահայտման ուղղությամբ քննչական գործողություններ չեն կատարվել:

Արարատում որոշել են գտնել 10 տարի առաջ կատարված սպանությունների մեղավորներին

Եղել են նաև դեպքեր, երբ քննիչը կոնկրետ տեղեկություններ է ներկայացրել, որոնք թույլ կտային բացահայտել գործը, կամ համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել, սակայն դրանք ուշադրության չեն արժանացել:

Սրանից ելնելով` Շիրակի մարզի դատախազը նախաքննության մարմիններին հանձնարարականներ է տվել կոնկրետ քննչական և դատավարական գործողություններ կատարելու, իսկ ոստիկանության մարզային կառույցներին` օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Արդյունքում մարզի իրավապահներն արդեն վերսկսել են մինչև տասնմեկ տարվա վաղեմության սպանության վերաբերյալ 12 քրեական գործերի վարույթները:

Ի դեպ, նախկինում նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Արարատի մարզի դատախազությունը։ Այդ մարզում 10–ամյա վաղեմությամբ սպանության վերաբացված գործերի թիվն այս պահին 10-ն է։