Կդադարեցնի՞ արդյոք Ռուսաստանը զենքի մատակարարումը Հայաստան. պարզաբանում է Ալեքսանդր Ֆոմինը

Ռուսաստանցի փոխնախարարը մեկնաբանել է Հայաստանի զենքի մատակարարումը դադարեցնելու մասին լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանը չի դադարեցնի Հայաստանին զենքի մատակարարումը։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։

Զենքի 80%–ը Հայաստանն անձամբ պետք է արտադրի իր ԶՈՒ–ի համար. Վարդանյան

Նա ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը:

«Դա ոչ հավաստի տեղեկություն է։ Ես դա չեմ հաստատում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, թե Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների անհամաձայնությունը կարող է բացասական անդրադառնալ Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա։ Մասնավորապես «Կոմերսանտ» պարբերականը գրել էր.

«ՌԴ ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ պայմանագրի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է ստանար 100 միլիոն դոլարի վարկ՝ այժմ «մեծ հարցականի տակ» է։ Դեռ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է նրանց մոտ կատարվում»։