ԲՀԿ–ի տունն աթոռակռիվ է ընկել. Պետրոսյանը չի ընդունում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը

ԲՀԿ անդամ, պատգմավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ եթե իրենց քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, ինքն այնտեղ անելիք չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Աղբանոց մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար։ Երևանի ավագանու ընտրություններում Նաիրա Զոհրաբյանի` ԲՀԿ ցուցակը գլխավորելու մասին լուրն այսպես է արձագանքել նրա կուսակից, նախկին սոցապ նախարար Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ–ն հրապարակել է Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունը

Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 23-ին այցելել էր Երևանի Սիլիկյան թաղամասին հարակից աղբավայր, որտեղ հրդեհ էր բռնկվել ու վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել։ Նա այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«ԲՀԿ՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Պետրոսյանը` հավելելով, որ ԲԿՀ–ում ավելի «արժանավոր և ունակ կադրեր» կան, բայց «զոռբա չլինելու» պատճառով Երևանի քաղաքապետի թեկնածու չեն առաջադրվել։

Պետրոսյանը հայտարարում է, որ թեև հարգում է Ծառուկյանին` որպես ղեկավար ու ավագ եղբայր, բայց եթե «նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ում կյանքի հիմնական իմաստը եղել և մնում է գործընկերների գործերը «խառնելը»», ապա ինքն այնտեղ, անելիք չունի։

Գևորգ Պետրոսյանի այս հայտարարությանը պատասխանել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը` ֆեյսբուքյան գրառման մակարդակով, որտեղ հայտնում է, որ կուսակցությունը այլ գնահատական չի հնչեցնելու։ Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի գլխավորելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշմանը, խոսնակը հայտարարում է, որ քաղխորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց և հրապարակային, և ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։

Հիշեցնենք` 2011թ.–ից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը այս տարվա հուլիսի 9–ին հրաժարական տվեց։

Քաղաքապետի ընտրության նպատակով հրավիրված ավագանու արտահերթ նիստը հուլիսի 16-ին չկայացավ` քվորումի բացակայության պատճառով, քանի որ ՀՀԿ–ն և «Ելքը» նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստին և պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Քաղաքացիական պայմանագիրն արդեն հայտարարել է` քաղաքապետի իր թեկնածուն Հայկ Մարությանն է։

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում են ավագանին ցրելու մասին կառավարության որոշումից 30-40 օր հետո։