ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով` նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Աճուրդներն արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է հայտարարվել, քանի որ անցանկալի մասնակից է եղել՝ հանձնաժողովի անդամների «հիվանդանալու» պատճառով»,– գրում է նախարարը։
Թորոսյանը հայտնում է, որ 1495.4 ք/մ մակերեսով մասնաշենքի գնահատված արժեքը 92 799 000 դրամ է, վաճառքի մեկնարկային գինը՝ 69 599 000, շենքը վաճառվել է 22 806 201 դրամ–ով։
Նախապես պլանավորված է եղել 10 աճուրդ։ Այն կայացել է 7-րդ անգամից՝ 10.08.2007թ–ին։
Բացի այդ, ըստ նախարարի, հիվանդանոցում գործում է մեկ հիմնական մատակարար, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։
Արսեն Թորոսյանի հրապարակած լուսանկարում պատկերված է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորաբաց մասնաշենքը, որի բացումը տեղի է ունեցել 2017թ.–ի նոյեմբերի 8-ին` նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա տիկին Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ։
Արյունաբանական կենտրոնի տնօրենը 2001 թվականից մինչև 2018թ.–ի հունիս ամիսը եղել է Սմբատ Դաղբաշյանը։ Այժմ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը։