Մեղադրանք է առաջադրվել նաև Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ

Սասուն Խաչատրյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Ըստ նրա՝ սա կրկին առնչվում է Մարտի 1-ի գործին,  բայց այս մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ:

«Ըստ Wikileaks-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Այս վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվեց. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա»,- ասել է ՀՔԾ պետը՝ մանրամասնելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ դա ծանր հանցանք է եւ մինչեւ 6 տարվա ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը ստորագրությունն է՝ չհեռանալու մասին:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: