ԲՀԿ–ն հրապարակել է Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունը

ԲՀԿ–ն խախտեց լռությունը։ Կուսակցությունը որոշել է, թե ով է գլխավորելու Երևանի ավագանու նախընտրական ցուցակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը։

Նրա գրառման համաձայն` Երևանի ավագանու ԲՀԿ նախընտրական ցուցակը կգլխավորի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի թեկնածու է

«ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը, եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը»,- գրել է նա։

Հիշեցնենք` 2011թ.–ից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը այս տարվա հուլիսի 9–ին հրաժարական տվեց։

Քաղաքապետի ընտրության նպատակով հրավիրված ավագանու արտահերթ նիստը հուլիսի 16-ին չկայացավ` քվորումի բացակայության պատճառով, քանի որ ՀՀԿ–ն և «Ելքը» նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստին և պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Քաղաքացիական պայմանագիրն արդեն հայտարարել է` քաղաքապետի իր թեկնածուն Հայկ Մարությանն է։

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում են ավագանին ցրելու մասին կառավարության որոշումից 30-40 օր հետո։