ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի նախագահը խոստացել է վերականգնել մահապատիժը երկրում։ Այս մասին նա հայտնել է երիտասարդ կնոջ ու նրա 11 ամսեկան զավակի հուղարկավորության ընթացքում ելույթի ժամանակ։ Զոհերի մահվան պատճառը եղել էր Հաքքյարի շրջանում տեղի ունեցած պայթյունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber պարբերականը։
Պաշտոնական վարկածի համաձայն` կինն ու երեխան գնացել էին այցելելու ընտանիքի հորը, որը զորամասերից մեկում է ծառայում։ Հետդարձի ճանապարհին աշխատել է պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել ճանապարհի եզրին։ Ենթադրաբար պայթուցիկը տեղադրել էին Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները։
Սգո արարողությունից հետո Էրդողանը «ահաբեկչության դեմ վճռական պայքար» սկսելու ու մահապատիժը վերականգնելու մտադրության մասին է հայտարարել։
«Այն պահին, երբ խորհրդարանը հաստատի մահապատժի մասին օրենքը, կարծում եմ` մենք այն չվավերացնելու պատճառ չունենք։ Ես անպայման կվավերացնեմ», – ասել է թուրք առաջնորդը։
Հիշեցնենք` նախագահը խոսել էր այդ որոշման ընդունման հավանականության մասին դեռ նախորդ տարվա գարնանը հանրաքվե անցկացնելուց հետո։ Այդ հանրաքվեի ժամանակ հաստատվել էր խորհրդարանականից նախագահական պետությանն անցնելու առաջարկը։