Հայ-ռուսական «ժամացույցի» հետ ամեն ինչ նորմալ է. Ռուբինյանը դիմել է հանրապետականներին

ՀՀ ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակներ չեն ապրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը կոչ է արել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին մտածել պետական շահերի մասին։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով փոխխոսնակի երեկվա հայտարարությունը։

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակներ չեն ապրում։ «Հայաստանի ու Ռուսաստանի ժամացույցի սլաքները տարբեր ուղղությամբ են շարժվում»,– ասել էր նա։

Շարմազանով. «Սա չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից»

«Շարմազանովն ու նրա կուսակիցները պետք է մտածեն Հայաստանի պետական շահի մասին և չփորձեն դիվիդենդներ ստանալ հայ-ռուսական հարաբերությունների հաշվին», – նշեց Ռուբինյանը։

Նա նաև նշեց, որ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ ամեն ինչ գրված է Լավրովի մտավախությունների մասին և նա ավելացնելու ոչինչ չունի։

Նախօրեին ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ ՀՀ կառավարությունը միտված է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ փոխգործակցության բարձրացմանը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումից հրաժարվելու մասին` երկրի նոր ղեկավարության հայտարարություններին։ Նրա խոսքով` Մոսկվան որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ։