Հայկական ծիրանն ու լոլիկն անարգել գնում են Ռուսաստան

Անցյալ տարվա համեմատ հայկական միրգ-բանջարեղենի արտահանումն ավելացել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ծիրանի արտահանումն ավելացել է 78 տոկոսով: Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Ռուսաստանի ահազանգից հետո Հայաստանը խստացնում է լոլիկի արտահանման հսկողությունը

«Ծիրանի արտահանումը նախորդ տարվա համեմատ երեկվա դրությամբ ավելացել է 78 տոկոսով։ Անցյալ տարի արտահանել ենք 28 884 տոննա, իսկ այս տարի` երեկվա դրությամբ` ավելի քան 50 000 տոննա»,–ասաց նախարարը։

Հայկական ծիրանը միակը չէ, որ մեծ պահանջարկ ունի արտերկրում: Պաշտոնական տվյալներով` ավելացել է նաև հայկական արտադրության պտուղ–բանջարեղենի արտահանման ընդհանուր ցուցանիշը: Եթե անցյալ տարի արտահանվել է շուրջ 120 000 տոննա, ապա այս տարի` երեկվա դրությամբ, արդեն արտահանվել է շուրջ 100 000 տոննա, ինչը 70 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ:

«Բայց դեռ ունենք խաղող, աշնանային այլ մրգեր»,- հիշեցրեց գյուղնախարարը:

Ռուսական շուկայում հայկական արտահանվող մթերքների հետ կապված խնդիրներ, նախարարի խոսքով, այս պահին չկան: Սեզոնի սկզբում լոլիկի հետ կապված խնդիրներն էլ արդեն լուծվել են: