Ի՞նչ հնարամիտ միջոցներով են ջրային ոլորտի նախկին պաշտոնյաները գրպանել պետության փողերը

Էքսկավատորների վարձակալության գումարը մի քանի անգամ գերազանցում է դրանց շուկայական արժեքը։ Ջրային կոմիտեի տենդերն էլ շահում է պետի տեղակալի որդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Գլխավոր դատախազությունը պետական միջոցների յուրացման նոր փաստեր է բացահայտել։ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` խոսքը Ջրային պետական կոմիտեի և «Մելիորացիա» ՓԲԸ–ի նախկին պաշտոնյաների կնքած որոշ պայմանագրերի մասին է։

Այսպես, երկու կառույցների միջև 2016-2017թթ. կնքվել է դրամաշնորհի շուրջ 641 մլն. դրամի պայմանագիր:

Չարաշահումներ են արել նույնիսկ թաղման ու սգո ծառայությունների մատուցման ընթացքում

Այդ գումարի շրջանակներում «Մելիորացիա» ՓԲԸ–ն 2016թ.-ին 4 տնտեսվարող սուբյեկտներից` 156 մլն. 871 հազ. դրամով, 2017թ.-ին 5 տնտեսվարողներից 159 մլն. 986 հազ. դրամով վարձակալել է էքսկավատորներ։

Բացի այդ, դրանց շահագործման համար 2016-2017թթ. դուրս է գրել և 3 մլն. 792 հազ. դրամի բենզին, չնայած այն հանգամանքին, որ պայմանագրերով նման պարտավորություն նախատեսված չէր։

Այս ծրագրերը ժամանակին ուսումնասիրած Վերահսկիչ պալատը պարզել է, որ վարձակալած էքսկավատորների շուկայական արժեքը շուրջ 5 մլն դրամ է, բայց «Մելիորացիա» ՓԲԸ–ն դրանց վարձակալության ու շահագործման համար 316 մլն. 857 հազար դրամ է ծախսել:

Պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատերը, ում հետ «Մելիորացիան» էքսկավատորների վարձակալության պայմանագրեր է կնքել, էքսկավատորներից մեկը ձեռք է բերել պայմանագիրը կնքելուց ընդամենը 3 օր առաջ` 700 000 դրամով և այն էլ «Մելիորացիա» ՓԲԸ տնօրենի տեղակալի որդուց, ով նույն ընկերությունում բաժնի պետ է:

Միևնույն ժամանակ, «Մելիորացիա» ՓԲԸ–ն փաստաթղթերով չի հիմնավորել 2016-2017թ.–ին պայմանագրով նախատեսված 30 760 խմ կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման փաստը։ Հայտնի չէ, թե այդ աշխատանքը որքանով է կատարվել իրականում, ում կողմից և ինչ տեխնիկայով։

38 մլն. դրամի մաքրման աշխատանքներ էլ իրականացրել են 3 այլ կազմակերպություններ, որոնք պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալներով չեն ունեցել ոչ համապատասխան տեխնիկա, ոչ համապատասխան թվով աշխատողներ:

Ներկայացված փաստերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, այն է` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը։ Գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: