Գյուղնախարարը դեմ է Սևանից ավել ջրառին.ինչ է առաջարկում նա` չորացող բույսերը փրկելու համար

Արարատյան դաշտում ոռոգման խնդիրը լուծելու համար նախարարը խորհուրդ է տալիս չշտապել ու սպասել եղանակի բարեհաճությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Կառավարությունը Սևանից ջրառն ավելացնելու նախաձեռնությամբ հանդես չի եկել: Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով, նախաձեռնությունը Ջրային տնտեսության կոմիտեինն է, որը դեռ չի ստացել կառավարության հավանությունը: Միաժամանակ, նախարարը հիշեցրեց, որ Սևանից լրացուցիչ «մեկ կաթիլ ջուր վերցնելու» համար կառավարությունը պետք է ունենա ԱԺ-ի համաձայնությունը:

Կվերցնեն արդյո՞ք ավել ջուր Սևանից. բերքը, թե՞ Սևանը՝ մեծ երկընտրանք կառավարության համար

Ինչ վերաբերում է այս հարցում գյուղնախարարության դիրքորոշմանը, նախարարը հայտնեց, որ ինքն անձամբ դեմ է Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելուն:

Փոխարենը` ոռոգման համակարգում կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան:

«Մեր կողմից խրախուսվում է ջրի խնայողական օգտագործման տեխնոլոգիաների ներդրումը: Բայց այն, որ ջրային համակարգում կան կորուստներ, որոնք շուրջ 70-80 տոկոսի կարող են հասնել, դա իհարկե ընդունելի չէ` թե՛ գյուղնախարարության, թե՛ պետության համար»,- ասաց նախարարը:

Արթուր Խաչատրյանը կարևորեց նաև Արարատյան դաշտի խորքային հորերի ճիշտ կառավարման խնդիրը` հավելելով, որ այս տարբերակն ավելի ճիշտ կլինի թե՛ Սևանի, թե՛ գյուղատնտեսության համար:

Գյուղերում այգիները ջրում են կոյուղաջրով. մաքուր ջուրը հոսում է Թուրքիա և Ադրբեջան

Իսկ մինչ որոշումներ կայացնելը նախարարը խորհուրդ է տալիս սպասել որոշ ժամանակ` գուցե եղանակը փոխվի, ու անձրևները լուծեն հարցը:

Հիշեցնենք` Արարատյան դաշտում,  մասնավորապես Արմավիրի մարզի մի շարք գյուղերում խորքային հորերից ջրի գերծախսի հետևանքով առաջացել է ոռոգման ջրի սուր դեֆիցիտ, ցամաքել է Սևջուր գետը: Արդյունքում շուրջ 1 տասնյակ գյուղերի բնակիչներ ստիպված են հողատարածությունները ոռոգել գետի հունով հոսող կոյուղաջրերով: Ոռոգման խնդիրը լուծելու համար Ջրային տնտեսության կոմիտեն որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է Սևանից 40 մլն խմ ջուր բաց թողնել: Նախագծին կողմ է Սևանի հանձնաժողովը, դեմ` բնապահպանության նախարարությունն ու Սևան ազգային պարկը:

Սևանից օրենքով նախատեսված 170 մլն խմ տարեկան ջրառն ավելացնելու համար օրենքում պետք է փոփոխություն կատարվի,  որին պետք է կառավարությունը կողմ քվեարկի ու այն ուղարկի ԱԺ` հաստատման: