Ինչպես չհիվանդանալ. այս մասին պետք է իմանա թանկարժեք տեխնիկա ունեցող յուրաքանչյուր ոք

Օդորակիչ գնելիս կամ դիսպենսերից ջուր լցնելիս, յուրաքանչյուրը պետք է իմանա դրանց շահագործման կանոնները։ Հակառակ դեպքում, թանկարժեք գնում կատարելու հետ մեկտեղ կարելի է նաև մի շարք հիվանդություններ ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Օդորակիչներն ու ջրի դիսպենսերները կարող են իսկական գլխացավանք դառնալ դրանք շահագործողների համար, այդ պատճառով նման տեխնիկային պետք է ուշադիր լինել։ Դրանում համոզված է Երևանի էլեկտրատեխնիկայի խանութներից մեկի խորհրդատու Արուս Մկրտչյանը։

Մարգարյան. «Ամառային սեզոնն է «Գազպրոմին» հետ մղել խոշոր հարկատուների ցուցակում»

«Ցանկացած տեխնիկա խնամքի կարիք ունի, հատկապես դա վերաբերում է օդորակիչներին։ Չի կարելի օդորակիչ գնել և մի քանի տարով  մոռանալ այդ մասին։ Պետք է միշտ հիշել ֆիլտրի մաքրության մասին», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արուսը։

Նրա խոսքով` որքան շատ փոշի է կուտակվում այն տանը կամ տարածքում, որտեղ տեղադրված է օդորակիչը, այդքան ավելի արագ է աղտոտվում ֆիլտրը։ Իդեալական կլինի` ֆիլտրը մաքրել երեք ամիսը մեկ, սակայն հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ օդորակիչները հիմնականում օգտագործվում են ամռանը, ֆիլտրը կարելի է լվանալ տարին մեկ անգամ։

«Սարքավորումը բավական հեշտ կիրառում ունի, ցանկացած տնային տնտեսուհի կարող է ձեռքով, առանց կողմնակի օգնության ֆիլտրը հանել, լվանալ, չորացնել», – ասաց խորհրդատուն։

Հակառակ դեպքում, ֆիլտրի վրա կուտակված ախտածին միկրոօրգանիզմները օդի հոսքի հետ կտարածվեն սենյակում։ Օդորակիչի կենտրոնական մասը կարող է լեգիոնելլայի բազմացման հիանալի աղբյուր դառնալ։

Սակայն օդորակիչ օգտագործողների համար ամենավտանգավոր թշնամի է խորհրդատուն համարում ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը։

«Օրինակ, փողոցում 42 աստիճան տաքություն է, և դու քրտնած մտնում ես սենյակ, որտեղ +20 է։ Այդ պահին օրգանիզմը սթրեսի է ենթարկվում` չհասցնելով ադապտացվել», – կարծում է Արուսը։

Փաշինյանի ասածն էլ օրենք չի՞. ինչու են որոշել չկերակրել պայմանագրայինների մի մասին

Նրա կարծիքով` սենյակի ջերմաստիճանը միացրած օդորակիչի պարագայում չպետք է 22 աստիճանից ցածր լինի։ Դրսի և սենյակի ջերմաստիճանի միջև պետք է 10 աստիճան տարբերություն լինի։ Սակայն գործնականում ամեն ինչ այլ կերպ է։

ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին ևս կոչ է անում պահպանել օդորակիչների շահագործման կանոնները։

«Օդորակիչի սխալ օգտագործումը կարող է հանգեցնել  մի շարք հիվանդությունների, մասնավորապես՝ թոքերի բորբոքման և բրոնխիտի։ Ամենամեծ խնդիրը` ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունն է», – լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։

Օդորակիչ գնելիս, անհրաժեշտ է ուշադիր կարդալ ներդիրը՝ հարազատներին և ինքդ քեզ չվնասելու համար, համոզված է մասնագետը։ Նույնը վերաբերում է ջրի դիսպենսերներին։

Դիսպենսերների ֆիլտրերը պետք է մաքրվեն ոչ պակաս, քան կես տարին մեկ անգամ։ Ընդ որում կարևոր է, որպեսզի ջրով տարայի բերանը միշտ մաքուր մնա, քանի որ աղտոտվելու դեպքում միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել ջրի մեջ։ Նման կեղտոտ ջրի օգտագործումը կարող է դիզենտերիայի և այլ վարակների պատճառ դառնալ։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում անցյալ տարվա հունիսին գրանցվել է սննդային թունավորման 988, այս տարի` 1107 դեպք։ Անցյալ տարվա հունիսին դիզենտերիայով հիվանդների 33 դեպքի փոխարեն այս տարվա հունիսին այդ թիվն աճել է մինչև 110 դեպք։