Հունահռոմեական ըմբշամարտի մեր երիտասարդների թիմը հետ կգա ոսկե 1 մեդալով և 4 բրոնզներով

Ավարտվել է Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ելույթը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 oգոստոսի — Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով։ Առաջնությունն անցկացվում էր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:

Ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը բրոնզե մեդալ նվաճեց Ստամբուլում

Տիգրան Մինասյանը (55 կգ քաշային) դարձել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն: Եզրափակիչում 40 վայրկյանում նա հաղթեց Ջիովանի Ֆրենիին։ Բրոնզե մեդալի արժանացան Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ)։

Հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 մարզիկով եւ ներկայացուցիչ չուներ միայն 97 կգ քաշային կարգում: Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Էրիկ Էլոյանը (82 կգ) եւ Հակոբ Բաղդասարյանը (87 կգ), որոնք մեդալ չնվաճեցին։