ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 5-ը երկաթուղայինների օրն է։ Այդ առիթով երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսի։ Հայտնում են «ՀԿԵ» ՓԲԸ–ից։
«Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով` ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը, հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Մասնագիտական ամենամյա տոնից զատ այս տարի Հայաստանի երկաթուղայինները նշում են նաև «ՀԿԵ» ՓԲԸ 10-ամյակը։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։
2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ հայկական երկաթուղին «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու մասին։ Պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, որից քսանի լրանալուց հետո հաջորդ տասը տարին` կողմերի փոխադարձ համաձայնությամբ։