ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայ ժամկետային զինծառայողները երկրորդ անհատական մրցաշրջանից հետո առաջատար են մնում Ռուսաստանում տանկային բիաթլոնի մրցումներում։ Այս մասին հայտնում է Հայաստանին Պաշտպանության նախարարությունը։
Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում տեղի ունեցավ հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը:
Հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարեցին բոլոր արգելագոտիները, խոցեցին 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատեցին երկրորդը՝ Ղրղըզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:
Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին: