ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. ՈւԵՖԱ-յի Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» — «Տոբոլ» խաղից առաջ պարզ էր, որ դիմակայությունում հաղթանակի հասնելու դեպքում Հայաստանի բազմակի չեմպիոնը առաջինը հայկական ակումբներից իրավունք կստանար հանդես գալու Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում:
Միգուցե այս գործոնն էր որոշակի լարվածություն հաղորդել մեր ֆուտբոլիստներին: Համենայնդեպս մինչև ընդմիջում «Փյունիկը» միայն մեկ անգամ կարողացավ լարված իրավիճակ ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում:
1:2 հաշվով պարտությունը առաջին խաղում անկասկած շանսեր տալիս էր «Փյունիկին» ղազախական արգելքը շրջանցելու մասին մտածելու համար: Բայց, «Տոբոլի» ֆուտբոլիստները գործում էին շատ վստահ ու սառնասիրտ: Իսկ երկրորդ հարկում մրցակիցը լիիրավ իշխում էր: Բնականաբար մրցակիցն էլ իր խաղը կառուցել էր հաշվի առնելով առաջին խաղում գրանցված հաշիվը: Արդարության համար էլ նշենք, որ «Տոբոլը» բավականին բարձրակարգ թիմ էր(համենայնդեպս «Փյունիկի» հետ մրցակցությունում):
Մինչև ընդմիջում կողմերը այդպես էլ լրջորեն չսպառանացին մեկմեկու դարպասին: Հետևաբար հիմնական իրադարձությունները պետք է զարգանային երկրորդ կեսում: Մեր թիմի կազմում կրկնակի փոփոխությունը էականորեն ակտիվացրեց «Փյունիկի» խաղը: Սպառնալիքները «Տոբոլի» դարպասին հաճախակի դարձան:
Սակայն հյուրերը ամբողջ թիմով կազմակերպված պաշտպանվում էին: Խաղի ներքին լարվածությունը հասել էր գագաթնակետին: Ու «Փյունիկը» կարողացավ հասնել իր նպատակին: Փոխարինման դուրս եկած Մոհամեդ Կոնատեն դարձավ հաղթական ու նաև մեր ակումբային ֆուտբոլի համար պատմական գոլի հեղինակ:
Ճիշտը մեր թիմը խաղն ավարտում էր տասը ֆուտբոլիստներով(երկրորդ դեղին քարտը ստանալով խաղադաշտը լքեց Պետրոս Ավետիսյանը), բայց «Փյունիկը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը, որը իրավունք տվեց երկու հանդիպումների արդյունքում նվաճել որակավորման երրորդ փուլի ուղեգիրը: «Փյունիկը» այս փուլում արդեն կխաղա Թել-Ավիվի «Մաքքաբի» և սերբական «Ռադնիչկի» զույգի հաղթողի հետ: