ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ի հայտ են գալիս Սոչիում ութը մարդու կյանք խլած հրդեհի մանրամասներ։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ նրանցից չորսն ազգությամբ հայ էին։ Ռուսաստանի հայերի միության Սոչիի խորհրդի ղեկավարի տեղակալ Թումաս Վարդանյանը հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցին, որ մահացածներից մեկը` 1950 թվականին ծնված Նիրվարդ Հարությունյանը Հայաստանի քաղաքացի էր։
Մնացած մահացածները` Բարսեղյան Նաիրան (ծնված 1992 թ.), Բարսեղյան Եվան (ծնված 2009 թ.) և Բարսեղյան Աննան (ծնված 1962 թ.) մեկ ընտանիքի անդամներ էին։ Ընտանիքի ևս մեկ անդամ` Բարսեղյան Արթուրը Կրասնոդարի այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել։ Բարսեղյանները Ռուսաստանի քաղաքացիներն էին, ծնունդով՝ գյումրեցի։ Ամեն տարի ընտանիքը «խոպան» էր գնում։ Մնացած երեք մահացածները Վարդանյանի խոսքով` թաթար էին։
Վարդանյանը հայտնեց, որ նրանք աշխատում էին սրճարանում, որտեղ հրդեհ էր բռնկվել, ու ապրում էին հաստատությանը կից շինության մեջ։ Կրակի բռնկման մասին ստույգ տեղեկություններ չկան։
Վարկածներից մեկի համաձայն հրդեհի պատճառ կարող էր դառնալ մանղալը։
Այդ վարկածին է հակված նաև մեր զրուցակիցը, բայց նշում է, որ վերջնական եզրակացություններ պետք է անեն համապատասխան կառույցները։
Մահացածների բարեկամները Հայաստանից Սոչի են գնացել, որպեսզի մահացածների մարմինները հայրենիք բերեն։ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները ֆինանսական օգնություն են առաջարկել` տեղափոխությունը կազմակերպելու համար։ Չի բացառվում, որ արդեն վաղը` օգոստոսի 1–ին քննչական մարմինը թույլ կտա Հայաստան տանել մարմինները։