Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
Արդյո՞ք Հայաստանում ստրուկներ կան։ Հարցն ամենևին էլ հռետորական չէ. վերջերս Walk Free Foundation–ը հրապարակել էր «Միջազգային ստրկության ինդեքսը», որի համաձայն Հայաստանում մոտ 16 հազար ստրուկ կա։
Հայ փորձագետները և պետական գերատեսչությունները ապշած են, քանի որ չեն հասկանում, թե կազմակերպությունն ինչպես է նման եզրակացության եկել, և որտեղից են հայտնվել այդ թվերը։ Սակայն ՀՀ քաղաքացիները ոչ միայն հասկանում են, այլև պարզաբանում։
Արուսը (անունը փոխված է – խմբ.) դերձակ է։ Վերջերս նա ստիպված եղավ դուրս գալ աշխատանքից ծանր պայմանների պատճառով։ Եթե Հայաստանում նույնիսկ բառի ուղիղ իմաստով ստրուկներ չկան, ապա աշխատանքային պայմանները շատ–շատերի մոտ ստրկական են, կարծում է նա։
Կինը պատմեց, որ 50 հազար դրամ (մոտ 100 դոլար) աշխատավարձի դիմաց աշխատում էր առավոտյան 7-ից մինչև երեկոյան 9-ը, կես ժամ ընդմիջումով, շաբաթական 7 օր։ Առանց հանգստյան օրերի։
Աշխատավայրում, մեր զրուցակցի խոսքերով, տարրական պայմաններ չկային, լուսամուտներ, օդափոխության համակարգ։ Օրեր շարունակ դերձակուհիներն աշխատում էին արտադրամասում, որտեղ գրեթե մաքուր օդ չկար։ Վճարվող արձակուրդի և հիվանդության թերթիկների մասին միայն երազել կարելի էր։
«Աշխատավարձը բարձրացնելու խնդրանքի կամ պահանջի դեպքում գործատուն հայտարարում էր, որ բոլոր նրանք, ում պայմանները չեն բավարարում, կարող են դուրս գալ աշխատանքից և համալրել գործազուրկների բանակը», – պատմում է կինը։
Նա նշում է, որ աշխատանքի ընդունելուց նախապատվությունն այստեղ տալիս էին թոշակառուներին, քանի որ նրանց գրանցել պետք չէ, և նրանք, մեծամասամբ, համաձայն են աշխատել նվազագույն աշխատավարձի դիմաց։ Նա նաև հայտնեց, որ գյուղերում և նույնիսկ Երևանի ծայրամասերում կարելի է այնպիսի մարդկանց հանդիպել, որոնք պատրաստ են ցանկացած աշխատանք կատարել ոչ թե գումարի, այլ հացի կամ մեկ շիշ օղու դիմաց։
Արտադրամասը, որի մասին պատմեց Արուսը, գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում, և որոշ տվյալների համաձայն, պատկանում է սկանդալներով հայտնի դարձած Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին (որը ժողովրդին ավելի հայտնի է «Չյոռնի Գագո» մականունով)։ Մեր զրուցակիցը պնդում է, որ արտադրամասը մասնագիտացած էր ոստիկանական համազգեստ կարելու վրա, այսինքն` անմիջականորեն սպասարկում էր պետական կառույց։
Արմենը (անունը փոխված է – խմբ.) բժշկական համալսարանի ուսանող է, աշխատում է դեղատանը։ Նրա աշխատանքային օրը 8-10 ժամ է տևում, առանց ընդմիջումների և հանգստյան օրերի։ Հիմնականում` գիշերային հերթափոխով։ Աշխատավարձը 80 հազար դրամ է (մոտ 165 դոլար)։
Արմենը համոզված է, որ գործատուներն անամոթաբար են օգտվում երկրում առկա աղքատության մակարդակից և գործազրկությունից՝ անձամբ սահմանելով ինչպես աշխատավարձերը, այնպես էլ աշխատանքային այլ պայմաններ։
Ավելին, նա համոզված է, որ Հայաստանում իսկապես կան մարդիկ, որոնք պատրաստ են աշխատելու ամենադժոխային պայմաններում։
«Մի քանի անգամ խնդրեցի աշխատավարձս բարձրացնել, սակայն ինձ ասացին, որ ոչ ոք ինձ չի պահում և, եթե ես գնամ, իմ փոխարեն կարող են վերցնել միանգամից երկու ուսանող Հնդկաստանից», – հայտնեց ուսանողը։
Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը, օմբուդսմենի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչը հուլիսի 31-ը ստացվել է աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ 237 բողոք:։
Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնում նման բողոքներ չեն ստացել, սակայն պարզաբանեցին, որ մարմինը ձևավորվել է հուլիսի սկզբին. հավանաբար, քաղաքացիներից շատերը նրա գոյության մասին նույնիսկ տեղյակ չեն։
Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ Արզուման Հարությունյանն, իր հերթին, չբացառեց, որ մի շարք կազմակերպություններ իրենց աշխատակիցների համար պատշաճ աշխատանքային պայմաններ չեն ապահովում, սակայն, նրա կարծիքով, Հայաստանում ստրկության մասին նույնիսկ խոսք չի կարող լինել։ Հարությունյանը նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշներով օրինակելի երկիր է, նրա փորձն ընդօրինակել են մի շարք երկրներ։
«Այդ զեկույցը վարկաբեկում է Հայաստանը և կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ, քանի որ որոշ ներդրողներ կարող են լուրջ մտածել, թե արդյոք արժե գումար ներդնել մի երկրում, որտեղ մինչ օրս ստրկություն գոյություն ունի», – ընդգծեց նա։
Walk Free Foundation–ի համաձայն` մարդը ստրուկ է համարվում, եթե չի կարողանում խուսափել շահագործումից՝ սպառնալիքի, բռնության, ստիպողաբար որևէ բան պարտադրելու, իշխանությունը չարաշահելու կամ խաբեության պատճառով։ Մասնավորապես, ստրկություն է համարվում, հարկադիր աշխատանքը, սեռական շահագործումը, երեխաների աշխատանքը և հարկադիր ամուսնությունը:
Հայաստանը ժամանակակից ստրկության համեմատական ցուցանիշներով աշխարհի 167 երկրների շարքում զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, իսկ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 50 երկրների թվում` 13-րդը։ Կազմակերպությունը կարծում է, որ ամենից շատ ժամանակակից ստրուկներ կան Հյուսիսային Կորեայում` 2.64 մլն մարդ 25.2 մլն բնակչության պարագայում։ Ժամանակակից ստրկությունից առավել ազատ երկրներ են համարվում Կանադան` 17.000 մարդ 35.9 մլն բնակչության դեպքում և Ճապոնիան` 37.000 մարդ 127.9 մլն բնակչության պարագայում: