Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների սահմանը բացել. ՀՀ ԱԳՆ

Անկարայի հետ հարաբերությունները լավացնելու Երևանի պատրաստականությունը օրենսդրորեն ամրագրված է, սակայն Թուրքիան չի շտապում այդպիսի քայլի դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, պատրաստ չէ բացել սահմանն առանց նախապայմանների։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել. Չավուշօղլու

«Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունն ամրագրված է Հայաստանի նոր կառավարության ծրագրում», – ասաց Բալայանը։

Նա նշեց, որ գերատեսչությունում ուշադիր հետևում են ԶԼՄ–ների հրապարակումներին, սակայն Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ քաղաքականություն են իրականացնում` հաշվի առնելով մամուլի արձագանքը։

«Եթե թուրքական իշխանությունները համապատասխան ազդակներ ուղղեն, մենք կդիտարկենք դրանք։ Տվյալ պահին դրանք չկան», – ասաց Բալայանը։

Նրա խոսքով` Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի վերջին այցերն ու հայտարարություններն այլ բանի մասին են վկայում։ Ոչ մի ազդակ չկա, որ Անկարան պատրաստ է սահմանը բացել առանց նախապայմանների։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել Թուրքիայի հետ։