«Սրիկաներին ավելի շատ եմ սիրում». սահադաշտի լեգենդ Սլուցկայայի խոստովանությունը Երևանում

Սահադաշտի համաշխարհային լեգենդ Իրինա Սլուցկայան Երևանում լրագրողների հետ զրույցի ընթացքում անսովոր խոստովանություն է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Օլիմպիական խաղերի դափնեկիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան նախընտրում է «վատ» դերեր խաղալ։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

«Ես տարբեր դերեր եմ կատարել, սակայն ամենաշատը սրիկաներին եմ սիրում։ Դրական հերոսների դերերը, կրակների, լույսի դերը շատ կանանց է բնորոշ։ Ես անցել եմ սիրահարվածության, սիրո փուլերը, ես մայր եմ ու հասկանում եմ` ինչպես խաղալ նրանց», – ասաց Սլուցկայան` պատասխանելով նախընտրելի կերպարների մասին հարցին։

Ա՜խ, եթե գրելու տաղանդ ունենայի. ռուս գեղասահորդուհի Սլուցկայան` Հայաստանի մասին

Ընդհանուր առմամբ գեղասահորդուհին նախընտրելի դերեր չունի։ Կերպարանափոխվելու համաձայնություն տալու առաջ Սլուցկայան մտորում է` արդյո՞ք այս կամ այն դերը համապատասխանում է իրեն։

«Ես պետք է սիրեմ, հասկանամ, զգամ։ Թատերական բեմն ուրիշ է, սառույցն այլ տարերք է։ Յուրաքանչյուր բեմադրությունից հետո դու որպես մասնագետ մի աստիճան ավելի բարձր ես դառնում։ Եթե հասկանում եմ, որ կարող եմ, ուզում եմ, զգացել եմ` կատարում եմ դերը», – ասաց Սլուցկայան։

Սլուցկայան կներկայանա հայկական դիցուհի Անահիտի դերում` «Ախթամար» սառցային մյուզիքլում։

Ներկայացման պրեմիերան կկայանա այս տարվա նոյեմբերին Երևանում։ Ավելի վաղ նա խոստովանել էր, որ հաճելի է կատարել մյուզիքլի գլխավոր դերերից մեկը` Անահիտի դերը։ Այդ կերպարը հոգեհարազատ է նրան ու նրա վստահ է, որ կյանքի ու ստեղծագործական փորձը կօգնեն նրան առավելագույն ներդաշնակ ներկայացնել կերպարը։

Վերջին անգամ Սլուցկայան Երևան էր եկել 2017 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ նա երիտասարդ հայ գեղասահորդների համար վարպետության դասընթաց էր տվել Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում։