«Վեոլիա ջուրը» որոշել է բարձրացնել ջրի գինը

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է թանկացման նոր հայտ ներկայացնել։ Ջրային կոմիտեն մատնացույց է արել ջրագողերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Չնայած սպառողների` վերջին շրջանում անընդհատ աճող դժգոհություններին, ջրամատակակար «Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշել է բարձրացնել ջրի սակագինը։ Ընկերության ներկայացուցիչներն այսօր այդ հարցով հանդիպում– քննարկում են ունեցել Ջրային կոմիտեի ղեկավարության հետ։

Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն`«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին հայտնել է, որ առաջիկայում մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու հարցով։

Ինչի՞ վրա հույս դնեն երևանցիները. «Վեոլիա ջուրը» պարզաբանել է ջրի հետ կապված խնդիրները

Ջրային կոմիտեի նախագահը կտրուկ առարկել է «Վեոլիա ջուր»–ի այս մտադրությանը` ֆրանսիացի հյուրին հայտնելով, որ իր օրվա փոստի ծանրակշիռ մասը քաղաքացիների դժգոհություններն են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից, և այս պայմաններում արդար չէ խոսել ջրի թանկացման մասին։

«Իմ պաշտոնավարման հենց առաջին շաբաթվա ընթացքում մեր մասնագետների ուժերով մի փոքր ուսումնասիրություն ենք կատարել և խոշոր ջրօգտագործողների մոտ հայտնաբերել ջրագողության, ապօրինի ջրօգտագործման, օգտագործվող ջրի չհաշվառման բազմաթիվ դեպքեր։ Եվ սա շարունակական բնույթ է կրել ու կրկնում եմ, հենց այս ամենի պատճառով է ջրի անհավանական կորուստ արձանագրվում՝ 80 տոկոս և ավելի չափով։ Այնինչ, այդ երևույթները որևէ կերպ չպետք է ներառվեն կորուստների մեջ, այլ հակառակը՝ վերացվեն օր առաջ»,-ասել է տիկին Գաբայանը` ընդգծելով, որ ջրի նոր թանկացման մասին խոսելն անընդունելի է։

Կոմիտեի նախագահը հյուրերին տեղեկացրել է նաև, որ մտադիր են առաջիկայում լրջորեն ուսումնասիրել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ կնքված պայմանագիրը, քննարկել դրանում առկա խոցելի կետերը և հետևություններ անել։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի հունվարի 1-ից ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրով Հայաստանի ողջ տարածքում ջրամատակարարման ու ջրահեռացման կառավարումը հանձնվեց ֆրանսիական « Վեոլիա » ընկերությանը։

Նույն պահից Հայաստանում սահմանվեց միանական սակագին` 1 խմ ջրի դիմաց 180 դրամ։ Մինչ այդ ամենացածր սակագինը գործում էր Երևանում և կազմում 170 դրամ, ամենաթանկ սակագինն Արմավիրում էր` 204 դրամ: