Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Բալայան

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակն ու նրա ներկայիս կարգավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանի քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ համաձայնագրի դրույթներին։ Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Յուրի Խաչատուրովի նկատմամբ սկսված քրեական վարույթին ու նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին, ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

«Հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։ Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,– ասաց նա։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀՀ-ինն է». Խաչատուրովի տեղակալ

Բալայանը վստահեցրեց, որ Հայաստանի ձեռնարկած քայլերը որևէ կերպ չեն վնասի ՀԱՊԿ հեղինակությանը, Հայաստանը շահագրգռված է, որ այդ կազմակերպությունը շարունակի բնականոն աշխատանքը։

Այդուհանդերձ, քանի դեռ ՀԱՊԿ–ը որոշում չի ընդունել Խաչատուրովին փոխարինելու վերաբերյալ, նա շարունակում է մնալ այդ կառույցի գլխավոր քարտուղարը։

«Ընթացող քննարկումներ դեռ չեն նշանակում, որ Խաչատուրովն ազատված է այդ պաշտոնից»,– ասաց Բալայանը։

Իսկ թե ով կփոխարինի Խաչատուրովին, ով կլինի հաջորդ քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ, թե ոչ` ՀՀ ԱԳՆ խոսնակը դժվարացավ կանխատեսել։

«Թե ով կփոխարինի, ինչպես կփոխարինի, ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, դա արդեն քննարկումների և կոնսենսուսով որոշելու հարց է»,–ասաց Բալայանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 մլն դրամ գրավը։