Ա՜խ, եթե գրելու տաղանդ ունենայի. ռուս գեղասահորդուհի Սլուցկայան` Հայաստանի մասին

Իրինա Սլուցկայան հայ հանդիսատեսին շքեղ սառցե շոու է խոստանում, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանը բացառիկ երկիր է, որը իր բնապատկերներով, Սևանա լճով և լեռներով ապշեցրել է Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, գեղասահորդուհի Իրինա Սլուցկայային։ Այս մասին նա պատմել է Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Պատմության մեջ առաջին մենակատար–գեղասահորդը, որը Եվրոպայի յոթնյակի չեմպիոն է, «Ախթամար» սառցե մյուզիքլում կներկայանա հայ աստվածուհի Անահիտի կերպարում։ Պրեմիերան տեղի կունենա Երևանում այս տարվա նոյեմբերին։

«Ախթամարը» համաշխարհային բեմ դուրս կգա. լեգենդը կվերածնվի սառցե շոուի ժամանակ

«Ձեր երկիրը բացառիկ է, ամեն անգամ նոր վայր գնալով բազում հույզեր եմ ապրում», – ասաց Սլուցկայան։

Նրա խոսքով` եթե նա գրելու և նկարելու տաղանդ ունենար, անպայման կներկայացներ Հայաստանում ապրած իր հույզերը։

Նա խոստովանեց, որ իր համար առավել հաճելի է մարմնավորել մյուզիքլի գլխավոր դերերից մեկը` Անահիտ աստվածուհուն։ Նրա խոսքով` իր կյանքն ու փորձը կօգնեն առավելագույնս ձուլվել մյուզիքլի գլխավոր հերոսուհու կերպարի հետ։

«Հայկական մշակույթն ու հավատն իմ մեջ է։ «Ախթամարի» պատմությունը հուզում է մարդկանց սրտերը, այն վերաբերում է յուրաքանչյուր հայի», – ասաց Սլուցկայան։

Գեղասահքի լեգենդը երրորդ անգամ է գալիս Հայաստան։ Այս անգամ նրան տպավորել էր «Արարատ» կոնյակի գործարանում իրականացրած էքսկուրսիան։

Пресс-конференция по теме предстоящего ледового шоу "Ахтамар" (31 июля 2018). Еревaн

«Դերը բարդ է, բազմակողմանի, ինչպես բացասական, այնպես էլ դրական հերոսները շատ են։ Ծրագրում ենք շրջել ամբողջ աշխարհով, որպեսզի երկրագնդի վրա գտնվող յուրաքանչյուր հայ տեսնի այս պատմությունը։ Արտասովոր, շլացուցիչ և գրավիչ է լինելու», – եզրափակեց Սլուցկայան։

Վերջին անգամ Սլուցկայան Երևանում եղել է 2017 թվականի դեկտեմբերին։ Նա վարպետության դաս էր տվել Ի.Ռոդնինայի անվան մարզադպրոցի պատանի հայ գեղասահորդներին։