Հայաստանը պահանջում է դիտարկում անցկացնել Նախիջևանի սահմանին. Բալայան

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակ` է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում դիտարկում անցկացնելու պահանջով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նախիջևանի թեման քննարկել են Տոնոյանն ու Կասպրչիկը

«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է Կասպշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել»,– ասաց Բալայանը` հավելելով, որ հայկական կողմը շարունակում է բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ։

Միաժամանակ հայկական կողմի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդիրը: «Հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան նախագահելու է ԵԱՀԿ-ում»,- ասաց Բալայանը։

Հիշեցնենք` Սլովակիայի պահեստներում մնացած խորհրդային ժամանակների զինատեսակները պաշտոնական փաստաթղթերով վաճառվել են իսրայելական Elbit Systems ընկերությանը, բայց այդ երկրում ՀՀ դեսպանատան և սլովակ լրագրողների հետաքննությունների համաձայն` դրանք Silk Way ավիաընկերության ինքնաթիռներով Բրատիսլավայից տեղափոխվել են Իսրայել, իսկ 2-3 ժամ անց` Բաքու։