Երևանում դիմակով, զինված անձը հափշտակություն է կատարել «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակից

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Այսօր Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակի կետերից մեկի վրա։

Ավազակային հարձակում Երևանում. տարադրամի փոխանակման կետից խոշոր գումար են առևանգել

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած անհայտ անձը զենքի նմանվող առարկայով մտել է նշված բուքմեյքերական կենտրոն և այն պահելով օպերատոր, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ա. Հ.-ի վրա՝ սպանության սպառնալիքով, հափշտակել է նրա մոտ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։