Սոչիում հրդեհի հետևանքով մահացածների մեջ ՀՀ քաղաքացիներ կան

Նշվում է, որ զոհվածների մեջ նաև երեխա կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի– Sputnik. Այսօր Սոչիում սննդի կետի հարակից կառույցում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների մեծ մասը, նախնական տվյալների համաձայն, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր են, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ–ները։ 

«Նախնական տվյալների համաձայն` Ադլերում սննդի կետի հարակից կառույցում բռնկված հրդեհից մահացած վարձու աշխատակիցների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան»,– «ԻտարՏասսին» ասել է թղթակիցը։

Հրդեհ Սոչիում. կան զոհեր

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տվյալներով էլ` հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի:

Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950 թ.):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել։ Զոհվածների թվում նաև երեխա կա։ Եվս 11 մարդ վնասվածքներ են ստացել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։