ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կատյա Լելի «Сполна» երգի տեքստն է հեղինակել։ Այս մասին Զախարովան գրել է Facebook-ի իր էջում։ «Զարմանալի պատմություն է։ Իմ մոտ այլ կերպ չի էլ լինում։ Ես նրա հետ (Կատյա Լելի) նախկինում ծանոթ չէի։ Պատահական հանդիպեցինք, հետո նորից հանդիպեցինք ու խոսեցինք», — գրել է Զախարովան։
«Այնպիսի տպավորություն էր, որ նա ցանկություն ուներ անկեղծանալ անծանոթի հետ, անծանոթի աչքերով տեսնել իրեն ու կյանքը նորից սկսել, շրջել ընթերցած էջը», — նշել է Զախարովան։ Ըստ նրա՝ երգչուհին և՛ պարզ մարդ է, և՛ չէ։ «Արդեն ճիշտ կամ սխալ չկա. կա կորստի ցավ, կան չիրականացած երազանքներ ու ապագայի մեծ հույս։ Կյանքի այդպիսի իրադարձությունների հերոսներին չի կարելի ո՛չ քննադատել, ոչ էլ սատարել։ Կարելի է միայն զգալ ցավ, կիրք, սեր ու ատելություն, որոնք մարդկանց ճակատագրի ուղեկիցն են։ Դա ինձ հետ էլ է պատահել», — անկեղծացել է Զախարովան։
Զախարովան էլի մի շարք հայտնի ստեղծագործությունների տեքստեր է հեղինակել. 2017 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժամանակ երգչուհի Նարգիզ Զակիրովան կատարեց նրա գրած «Վերադարձրեք հիշողությունը» երգը։