ԵՐԵՎԱՆ, 30 — Sputnik. Իրանը բացառում է առաջիկայում ԱՄՆ–ի հետ բանակցությունների հնարավորությունը, քանի որ Վաշինգտոնը Թեհրանի հանդեպ թշնամական քաղաքականություն է վարում։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրան Ղասեմին, փոխանցում է Fars–ը։
Միաժամանակ իրանցի դիվանագետն ասել է, որ ամերիկյան կողմն ուզում է երկխոսություն սկսել։
Սակայն ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ հաշվի առնելով Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը, երկկողմ քննարկումների համար ոչ մի նախադրյալ չկա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8–ին հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Ամերիկյան կողմը կարծում է, որ համաձայնագիրը Թեհրանին միջուկային զենք արտադրելու հարցում գործողությունների ազատություն է տվել։