«Թռիչք կկվի բնի վրայով». քննչական կոմիտեն չարաշահումների նոր հետք է գտել

Կատարված բացահայտումներն իրավապահներին թույլ են տվել ենթադրել, որ դրանք եզակի չեն։ Կանցկացվեն նոր ստուգումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի առաջարկով ստուգումներ կիրականացվեն Հայաստանի  տուն-ինտերնատներում։ Գրիգորյանը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով ստուգումներ և ապրանքանյութական արժեքների գույքագրում իրականացնել բոլոր նմանատիպ հիմնարկներում:

Հոգեբուժարաններում հիվանդներին կապում են սավաններով ու ռետինե պարաններով

Այս առաջարկի համար հիմք են ծառայել կատարված բացահայտումները։

Այսպես` ՔԿ–ն բացահայտել է, որ  «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հարությունյանը, համաձայնության գալով հիմնարկի պահեստապետի հետ, վաճառել է տուն–ինտերնատին մատակարարված 1260 կիլոգրամ տավարի միսը և գրպանել գումարը։ Իսկ 2018 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառել է 3.569 լիտր կաթը, և դարձյալ գրպանել գումարը։ Պետությանը պատճառված վնասը հաշվարկվել է 3.069.940 ՀՀ դրամ, որը Հարությունյանը վերականգնել է նախաքննության ընթացքում։

Քննությունը, շարունակվում է` ՊՈԱԿ-ում հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ։

Հոգեբուժարանի հաշվին ապրողները. առողջապահության նախարարը նոր բացահայտում է արել

Մեկ այլ դեպք էլ օրերս բացահայտել էր առողջապահության նախարարությունը` հայտարարելով, որ կահույքի և պահածոների արտադրամասերը տարիներ շարունակ օգտագործել են Նուբարաշենի հոգեբուժարանի ջուրը։

Հրապարակման համաձայն,  2014 թ.-ին Նուբարաշենի հոգեբուժարանը ջրի դիմաց վճարել է  9 844 000 դրամ, 2015–ին` 9 370 000, 2016–ին` 9 030 000, 2017–ին` 16 846 000 և այս տարի միայն հունվար֊–հունիս ամիսներին` 10 212 000 դրամ։