ՊՆ մեկնաբանությունը. զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից

Հայկական զինված ուժերի 4 սպա Վրաստան են մեկնում Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Վրաստանում անցկացվող «Վեհանձն գործընկեր 2018»–ին Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ՊՆ–ի` զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները` շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով։

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» զորավարժություններին

Ինչ վերաբերում է հայկական կողմի մասնակցությանը, նախարարությունը նշում է, որ օգոստոսի 1-15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner — 2018) զորավարժությանը Հայաստանից կմեկնի 4 սպաներից բաղկացած խումբը:

Հայ սպաները զորավարժության շտաբում զբաղեցնելու են տարբեր շտաբային պաշտոններ:

Ի դեպ, 2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը։

Այս տարի, նախարարության մեկնաբանմամբ, նույն մասնակցությունը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ:

«ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում»,– ասված է հաղորդագրության մեջ։

«Վեհանձն գործընկեր – 2018» զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: