Այս գործընթացն աղերս չունի ժողովրդավարության հետ. ՀՀԿ խմբակցությունը`Քոչարյանի գործի մասին

ՀՀԿ խմբակցությունը տեղեկացնում է, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը և նրա շուրջ զարգացումները բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է.

Հայաստանն առաջինը չէ, բայց առաջին անգամ է․ճաղերից այն կողմ հայտնված նախագահները

• Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։

• Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։

• Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։

• Հարուցված քրեական գործը խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև նվազեցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում:

• ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ դատախազությունը և ՀՀ դատարանները պարտավոր են պատշաճ կերպով երաշխավորել ՀՀ Սահամանդրության դրույթները և առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի պահանջներով և կարգավորումներով»,–ասված է հայտարարության մեջ:

ՀՀԿ խմբակցությունը տեղեկացնում է, որ այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով։