ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. 2007 թվականից վերանորոգման նպատակով «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տարածքում գտնվող՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող ավտոտրանսֆորմատորից 26.1 տոննա պղնձե փաթույթներ են հանել, որոնց արժեքը միայն որպես մետաղի ջարդոն կազմել է 52.000.000 դրամ։
Պետությանը հասցված միլիոնների վնասի հերթական բացահայտման մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Հաղորդագրության համաձայն` 2007-2016 թթ. գրություններում և ակտերում տրանսֆորմատորից բացակայող պղնձի մասին որևէ հիշատակում չի եղել: Իրավապահները պարզել են, նաև, որ «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տարածք հնարավոր է մուտք գործել միայն հատուկ անցագրերով։
Բացահայտված փաստով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։
Ի դեպ, այս գողությունն առաջինն արձանագրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացրած ուսումնասիրության ընթացքում։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` թալանված ավտոտրանսֆորմատորի իրական արժեքը 400 մլն դրամ է, իսկ դրանում առկա պղնձի շուկայական արժեքը` շուրջ 200 մլն։
Հիշեցնենք` հունիսի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի» կառավարումը վերադարձվեց ՀՀ կառավարությանը։
2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել այդ ընկերությունը «Տաշիր Կապիտալին» հանձնելու նպատակով:
Այս տարի մայիսի 31-ին «Տաշիրը» հայտարարել էր, որ հրաժարվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կառավարումից։