ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանում ոռոգման սեզոնը ամենաթեժ փուլում է, շոգը չի նահանջում, իսկ ջրամբարներն արդեն 60-80 տոկոսով դատարկ են։
Արարատյան դաշտում, որն ավանդաբար համարվել է հայաստանյան բերք ու բարիքի օրրանը, այսօր բերքը չորանում է գյուղացու աչքի առաջ։ Իսկ նա ջուր չի գտնում իր մեկ տարվա չարչարանքի արդյունքը փրկելու համար։
Զարթոնք գյուղի բնակիչ, ֆերմեր Քյարամ Մաջոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իր ունեցած 4000 հա հողատարածքում այս տարի ոչ մի բան չի ցանել` վախելնալով ջրի բացակայության պատճառով կորցնել ցանքի ու մշակման համար ծախսած վերջին միջոցները։
«Իմ տնամերձ հողամասում ոռոգման կաթիլային համակարգ ունեմ։ Այս տարի միայն այնտեղ եմ որոշ բաներ ցանել։ Միայն բակս է ոռոգվում, մնացած դաշտերը աչքներիս առաջ չորանում են»,– ասաց նա։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեում ևս չեն հերքում` տարին չորային է, վիճակն օրհասական, ռեսուրսները ` գրեթե զրոյական։
«Մենք կկարողանանք մեր ձեռքի տակ եղած չնչին պաշարներով ոռոգում ապահովել մինչև օգոստոսի կեսը։ Դրանից հետո շատ սուղ է լինելու»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբոյանը։
Ստեղծված իրավիճակում գյուղացուն միայնակ չթողնելու համար Ջրային կոմիտեն արդեն իսկ նախաձեռնել է Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու վերաբերյալ որոշման նախագիծ։
«Մենք արդեն դիմել ենք կառավարությանը` Սևանից լրացուցիչ 40 մլն խմ ջուր բաց թողնելու համար, որը նվազագույնն է, ինչով մենք կարող ենք օգնել մեր հողագործին գոնե բերքը չկորցնել»,– ասաց տիկին Գաբոյանը։
Նա նաև հայտնեց, որ ներկայացված նախագիծն արդեն շրջանառվում է իրավասու գերատեսչություններում։ Կոմիտեի նախագահի տեղեկություններով` Սևանի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, բնապահպանության նախարարությունը` բացասական։ Վերջնական որոշումը կկայացվի կառավարությունում քննարկվելուց հետո։
Բայց նույնիսկ գործադիրի հավանությանն արժանանալուց հետո, Սևանի մասին օրենքի համաձայն, այն պետք է արժանանա նաև խորհրդարանի հավանությանը։ Իսկ, քանի որ խորհրդարանն ամառային հանգստի շրջանում է, հարկ կլինի արտահերթ նիստ հրավիրել։
Հիշեցնենք՝ կառավարության առաջարկով 2017թ–ին այդ և առաջիկա տարիների համար Սևանա լճից տարեկան ջրառը նախկին 170 միլիոն խմ-ի փոխարեն, ԱԺ-ի համաձայնությամբ, սահմանվել է 270 միլիոն խմ։ Այս ծավալից ավելի ջրառ իրականացնելու համար կառավարությունը Սևանի մասին օրենքի համաձայն, պետք է ստանա խորհրդարանի թույլտվությունը։