Ինչո՞ւ էր Նիկոլայ ցարը Գյումրի եկել, կամ այրված եկեղեցու երկար պատմությունը

Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակներում ներկայացնում է Սուրբ Ալեքսանդրիա եկեղեցու պատմությունը:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրին էկումենիկ քաղաք է. այստեղ ոչ միայն առաքելական եկեղեցիներ կան, Գյումրիում է կաթողիկե աթոռանիստ եկեղեցին, ինչպես նաև ռուս ուղղափառը: «Եկեղեցիների քաղաքը» 4 ուղղափառ եկեղեցի ունի:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրիան Գյումրիում պահպանված ամենահին ռուսական եկեղեցին է:

Վանա լճի Աղթամար կղզում այս տարի պատարագ կմատուցվի

Սուրբ նահատակ Ալեքսանդրիա եկեղեցին նախագծվել է 1836 թվականին Նիկոլայ Առաջինի հրամանով, իսկ մեկ տարի անց մեկնարկել են շինարարական աշխատանքները, ավելին հիմնարկեքին՝ հոկտմեբերի 4-ին անձամբ ցարն է ներկա գտնվել:

Ասում են՝ եկեղեցին Սուրբ նահատակ Ալեքսանդրիայի անունով է կոչվել, քանի որ նահատակը եղել է ցարի կնոջ ՝ Ալեքսանդրիայի հովանավորը: Կա վարկած, որ հենց ցարի կնոջ անունով էլ բնակավայրը կոչել են Ալեքսանդրապոլ: Սակայն որոշ տեղեկություններ վկայում են՝ քաղաքն Ալեքսանդրապոլ անվանվել է հենց սրբի և ոչ Նիկոլայի կնոջ անունով:

Եկեղեցու նախագիծը մշակել էր ինժեներ-գնդապետ Ռուդենկովը: Ըստ պատմական վկայությունների՝ ռուսական դասական ճարտարապետության ոճով կառուցված այս եկեղեցու շինարարությանը մասնակցել են նաև հայազգի գեներալները, իսկ աշխատանքներն իրականացրել է տեղի բնակչությունը: Ըստ նախագծի` տաճարը կարող է միանգամից տեղավորել 800 զինվորի: Շինարարությունը տևել է 5 տարի: Եկեղեցին օծվել է 1842թ-ին:

Ռուսական հետքերով կամ ինչն է ռուս զբոսաշրջիկներին բերում Գյումրի

Սուրբ Ալեքսանդրիան ռուս զինվորներին որպես աղոթատեղի ծառայել է մինչև 1918 թվականը: «1918 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ եկեղեցու քահանան հարձակումից պաշտպանվելու նպատակով փակել է դռները, ինչի համար թուրքերը հրդեհել են այն: Հրդեհի հետևանքով քահանան՝ հայր Մատվեյը և մի քանի զինվորկան, ծխախեղդ են եղել»,-պատմում է եկեղեցում իր հոգևոր ծառայություն իրականացնող սարկավագ հայր Տիմաֆեյը:

Այրված եկեղեցին մասամբ վերականգնվել է 1941 թվականին, սակայն վերածվել է զինվորական ակումբի: Սուրբ նահատակ Ալեքսանդրիա եկեղեցին որպես աղոթատեղի կրկին իր դռները բացել է 2009 թվականի հիմնանորոգումից հետո: Հիմնանորոգումն իրականացվել է ռուս պատրիարքի ու 102-րդ ռազմաբազայի հրամանատարության միջոցներով:

Մոտ 10 տարի է Գյումրիում իրենց զինվորական ծառայություն իրականացնող ռուսերն ու նրանց ընտանիքի անդամներն աղոթքն առ Աստված հղում են այստեղից: Եկեղեցում մատուցվում են նաև պատարագներ: