Դատավորը վրաերթի է ենթարկել 40 ամյա քաղաքացու

Մակյանը չի հեռացել դեպքի վայրից, այլ տուժածին իր մեքենայով տեղափոխել է բուժհաստատություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik.  Երեկ Տիգրան Մեծի-Խորենացի խաչմերուկում տեղի ունեցած վրաերթը Մեսրոպ Մակյանի վարած մեքենայով է եղել: Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Քոչարյանի փաստաբանը բողոքում է դատավորներից և սպանված քննչական համակարգից

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցածի փաստով։

Հիշեցնենք՝ ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Մեսրոպ Մակյանը Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Վարդան Մեքենյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ սպասել է, մինչև բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:

Դրանից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։ Հետաքննիչի հանձնարարականով Մեսրոպ Մակյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Նշենք, որ Մակյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է։ Նրա ձեռքի տակով են անցել, մասնավորապես, «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամների գործեր: Նա մերժել էր զինյալներից մի քանիսի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, բայց փոխել էր, օրինակ, Արեգ Կյուրեղյանինը՝ ընտրելով հանրապետությունը չլքելու մասին ստորագրության տարբերակը: