ՍԴՀԿ-ն ողջունում է կառավարության ձեռնարկած օրինականության վերականգնման գործընթացը

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ողջունում է Հայաստանում օրինականության վերականգնմանը, օրենքի առջև բոլորի հավասարությանը միտված այն գործընթացը, որը սկսվել է թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության կողմից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հաղորդագրություն է տարածել: Դրանում նշվում է, որ հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն էր, ատելության բացառումը։

«Թաղայինը» բռնեց Քոչարյանին, բայց չի փնտրում Սերժ Սարգսյանին

«Համոզված ենք, որ ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան։ Հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդով, պետականության հիմնասյուն հանդիսացող այրերի գնդակահարությամբ, մինչ օրս չբացահայտված քաղաքական սպանություններով, այլախոհների նկատմամբ ճնշումներ, հալածանքներ կիրառելով,  ընտրությունների կեղծմամբ, կրիմինալի և օլիգարխիայի՝ պետական համակարգի հետ սերտաճմամբ իշխանություն պահած անձի գործունեությանը պետք է տրվեն նաև քաղաքական գնահատականներ։ Անհրաժեշտ է քննել, թե ի՞նչ պայմաններում Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն օբյեկտները հանձնվեցին օտար պետություններին, սփյուռքյան բազմամիլիոն օգնությունները որ ուղղությամբ մսխվեցին, և այլն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրի քաղաքական ու հասարակական մթնոլորտի առողջացման համար չափազանց կարևոր են անձեռնմխելի ու անպատժելի դասի իսպառ վերացումն ու գործած հանցանքների համար պատասխնատվություն կրելուց անխուսափելիությունը:

«Քաղաքական գնահատականի և իրավական փաստերի համակցումը հնարավորություն կտա երաշխավորել բոլոր ապագա իշխանությունների զսպվածությունն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորման բացառումը: Միաժամանակ խիստ մտահոգիչ ենք  համարում որոշ քաղաքական ուժերի կողմից՝ դատաիրավական համակարգի հանդեպ անվստահությամբ լցված հայտարարությունների տարածումը, մասնավորապես՝ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հայտարարությունները՝ քաղաքական հետապնդումների, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարի վերաբերյալ։

Որպես աշխարհասփյուռ Հնչակյան ընտանիքի անդամ մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի իրավահավասար պետություն դառնալու գործընթացին»,-նշված է հաղորդագրության մեջ: