ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայան՝ ներկայացնելով Tert.am լրատվական կայքից ստացած հարցի պատասխանը:
«Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին է, և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»,-գրել է Բալայանը։
Նա հավելել է, որ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին։