ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ:
Իտալական բարձրաստիճան պատվիրակության կազմում է նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:
Հանրապետության նախագահի նստավայրում Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ապրիլի 30-ին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետեւ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Նախագահները հանդես կգան նաև լրատվամիջոցների համար հայտարարությամբ:
Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալակամ մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը: