«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀՀ-ինն է». Խաչատուրովի տեղակալ

Խորհրդի որոշման համաձայն՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են անդամ-պետությունները՝ ըստ այբբենական կարգի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է նախատեսված ՀԱՊԿ կանոնադրությամբ, եթե հանկարծ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հայտնվի անազատության մեջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ազատ է. արդյո՞ք կարող է նա լքել Հայաստանը

«Այդ հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշելիքն է: Կա խորհրդի որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են անդամ-պետությունները՝ ըստ այբբենական կարգի, քվոտայով: Գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը Հայաստանինն, սա ամրագրված է, ուժի մեջ է և մնում է Հայաստանին»,- ասաց Վալերի Սեմերիկովը:

Նա շեշտեց, որ Յուրի Խաչատուրովին չեն կալանավորել, նա ազատության մեջ է:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառել։

2008 թ. Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։