ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Տասնյակ տարիներ մի կահույքի արտադրամաս և պահածոների գործարան ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դրա մասին ես սկսեցի կասկածել, երբ այդ բուժհաստատության նորանշանակ տնօրենը ինձ հայտնեց, որ ջրի մեկ ամսվա վարձը կազմել է 2 մլն դրամ, այն դեպքում, որ մեր հաշվարկներով այն չպետք է գերազանցեր մոտ 400.000-ը»,– գրում է նախարարը։
Թորոսյանը հայտնում է նաև, որ բուժհիմնարկն իր սուղ միջոցներից վճարել է գողացված ջրի դիմաց, ինչի հետևանքով «պացիենտների խնամքի և բուժման համար նախատեսված միջոցները վերածվել են թանկարժեք կահույքի և պահածոների»։
Ըստ Թորոսյանի, 2014 թ.-ին Նուբարաշենի հոգեբուժարանը ջրի դիմաց վճարել է 9 844 000 դրամ, 2015–ին` 9 370 000, 2016–ին` 9 030 000, 2017–ին` 16 846 000 և այս տարի միայն հունվար֊–հունիս ամիսներին` 10 212 000 դրամ։
Նախարարը հայտնում է, որ բացահայտված փաստերն ուղարկվել են ոստիկանություն։