Թուրքիան պետք է որոշում ընդունի, մեր կողմից սահմանը բաց է. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է կառուցողական լինել տարածաշրջանն ավելի բարգավաճ, խաղաղ ու ապահով դարձնելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Al-Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ հայ-թուրքական փակ սահմանի մեղավորը ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան:

«Այդ Թուրքիան է, որ փակել է սահմանները Հայաստանի հետ: Սահմանը հայկական կողմից բաց է: Թուրքիան պետք է որոշում ընդունի սահմանները բացելու վերաբերյալ: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Թուրքիան պետք է այս հարցում որոշում ընդունի»,- նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից է:

Վարչապետն ասել է, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական լինել տարածաշրջանն ավելի բարգավաճ, խաղաղ ու ապահով դարձնելու հարցում։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից` պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես, ղարաբաղյան հարցում Անկարայի ցուցաբերած աջակցությունն է Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։