ՀՀԿ-ն ընդդիմության դերի մեջ է մտնում. բուժկենտրոնի աշխատակիցները վաղը նորից կհավաքվեն

Պահանջում են, որ ՀՀ առողջապահության նախարարը դուրս գա ու նրան սուտասան են անվանում։ Նախարար Թորոսյանը համացանցով է պատասխանում, բայց ոչ պակաս կտրուկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակցները բողոքում են հիվանդանոցի բակում ու պահանջում են, որ նախարարը գա հանդիպման։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստուգումներ են. հայտնաբերվել են խախտումներ

Այսօր ՀՀ առողջապահության նախարարը հայտնել էր, որ կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն ազատվել է  աշխատանքից հափշտակությունների ու խախտումների համար։

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ առողջապահության նախարարության ստուգումների արդյունքում այդ պետական հիվանդանոցում բյուջետային միջոցների հափշտակություն է հայտնաբերել։

«Այդ դեպքում մեզ բոլորիս որպես հանցակից դատեք։ Անհեթեթություն է։ Զննում անցած բոլոր մարդիկ իրական մարդիկ էին, թող ոչ ոք չկասկածի», – լրագրողներին ասաց ճառագայթային ախտորոշման բաժնի պետ Արման Գրիգորյանը։

Նա անհեթեթության գագաթնակետ է  համարում լուրերն այն մասին, որ ցույցի դուրս եկած բուժաշխատողներին կաշառել են։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի թեման թեժանում է. անձնակազմը փակել է մուտքերն ու ճանապարհը

«Բոլորն այստեղ են` բժիշկներն էլ, հասարակ սանիտարներն էլ։ Եթե տնօրենին փոխեն, նրանց ոչ ոք չի կպնի։ Ուրեմն ինչու՞ են նրանք դուրս եկել։ Նրանց է՞լ են կաշառել», – հավելեց Գրիգորյանը։

Կրակին յուղ լցրեց նաև Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Առողջապահության նախարարության ստուգումների ժամանակ սկզբում երկու միլիարդ դրամ էին գտել, հետո` մեկուկես։ Իսկ եթե մինչև վերջ ազնիվ հետաքննեն, կարող է պարզվել, որ ոչ մի խախտում էլ չի եղել։ Իսկ ներկայիս նախարարը ստահոդ հիմնավորումների վարպետ է։ Լսեք միայն նրա հիմնավորումներն այն մասին` ինչու նա բանակում չի ծառայել», – հայտարարել  է  Ֆարմանյանը։

Նշենք, որ սա ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին ցույցն է, որտեղ հանրապետականները որպես ընդդիմություն են ներկայանում։

Վիշապաքաղը. նախարարն անբեկանելի է իր որոշման մեջ

Նախարարն այդպես էլ հավաքվածների մոտ չի եկել, սակայն իր գրասենյակից Facebook–ով ուղիղ եթեր է դուրս եկել։ Նախարարը հայտնել է, որ ցույցերը չեն օգնի։ Արա Մինասյանին գործից ազատելու մասին որոշումը վերջնական է։

Նա ցուցարարներին «քրեածին տարրեր» է անվանել, որոնք վախենում են, որ «իրենց բանդայի ղեկավարին» պաշտոնից կզրկեն։

Պետական գումարները յուրացնողները արդարացում չունեն ու չեն ունենա։ Նախարարն իր խոսքը եզրափակեց «վիշապը պետք է գլխատվի» նախադասությամբ: