Զինվորը ձերբակալվել է ծառայակցին անզգուշությամբ սպանելու կասկածանքով

Հուլիսի 24-ին սպանված զինծառայողի գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի մահվան գործով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ադամյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հաղորդագրության համաձայն` նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինծառայողը վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Հայկական դիրքերում զինծառայող է մահացել

Քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում կպարզվի, թե դիակի վրա ինչպիսի՞ վնասվածքներ կան, դրանց ծանրության աստիճանը, վաղեմությունը, պատճառման հաջորդականությունը, ի՞նչ հեռավորությունից է կատարվել վնասվածք պատճառած կրակոցը, ինչպիսի՞ն է հրազենի ու տուժողի փոխադարձ դիրքը և կատարված կրակոցի տարածությունը: Ե՞րբ է վրա հասել Ժորիկ Պետրոսյանի մահը, ո՞րն է նրա մահվան անմիջական պատճառը, վնասվածքները կենդանության օրոք են պատճառվա՞ծ, թե՝ հետմահու և այլն։

Քանի որ տուժողի հարազատները պնդել են, որ հերթապահություն իրականացնելիս դիրքի ավագը մարտական դիրքում չի գտնվել, քննչական կոմիտեն հայտնում է, որ այս հանգամանքը ևս դարձել է քննության առարկա։

Զինծառայող Ժորա Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին ահազանգը ստացվել է 2018 թվականի հուլիսի 24-ին, ժամը 15:00-ի սահմաններում։