Երևանը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում. երկրաբան

Երկրաբան Մելիք–Ադամյանը կարծում է, որ պետությունը պատշաճ կերպով չի համակարգում զբոսաշրջության ոլորտը։ Իսկ մայրաքաղաքը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների` գրքում հնագիտական պեղումների շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Երևանը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում` որպես տարածքի միակ մայրաքաղաք, որտեղ գտնվում են պալեոլիթի ժամանակաշրջանի քարեր։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող Հայկ Մելիք–Ադամյանը։

Երկրաբանի խոսքով` արդեն սկսվել է Երևանը հայտնի գրքում գրանցելու գործընթացը։ Սակայն նա վրդովված է `նշված քարերը գտնվում են ԱՄՆ–ի դեսպանատան տարածքում և մատչելի չեն զբոսաշրջիկների համար, իսկ այդ տեղանքը կարող էր թանգարան դառնալ բաց երկնքի տակ։

Բացառիկ գտածո. ի՞նչ են հայտնաբերել իտալացի հնագետները Հայաստանի տարածքում

«Այդտեղից ոչ հեռու կա ուրարտական շրջանի թունել և քարերի կոմպոզիցիայի հետ միասին այդ մասը կարող է ևս մեկ զբոսաշրջային ուղղություն դառնալ», – ասաց փորձագետը։

Նրա կարծիքով` ընդհանուր առմամբ զբոսաշրջային ոլորտի համակարգումն իրականացվում է սիրողական մակարդակով և բարեփոխումների կարիք ունի։ Նա առաջարկում է կառույց ստեղծել` նոր զբոսաշրջային ուղղությունները բացահայտելու և ուսումնասիրելու համար։

«Զբոսաշրջային գործակալությունները տուրեր են կազմակերպում հայտնի ուղղություններով և ծանոթացնում պատմամշակութային ժառանգությանը, սակայն կան բազմաթիվ բնական հուշարձաններ, որոնք կարող են ապրանքանիշ դառնալ և գրավել զբոսաշրջիկների լայն զանգվածների ուշադրությունը», – ընդգծեց երկրաբանը։

Հայկ Մելիք–Ադամյանը զբոսաշրջիկներ ներգրավելու հարցում կարևոր գործոն է համարում նաև զբոսաշրջային արտադրանքի ճիշտ ձևակերպումը։ Նրա համոզմամբ` Զբոսաշրջության պետական կոմիտեն պետք է լրջորեն զբաղվի այդ և շատ այլ հարցերով։

Նշենք, որ 2017թ.–ին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ավելացել է 18,7 տոկոսով։ Աճն ապահովվել է Ռուսաստանից, Իրանից, Արևելյան Եվրոպայից և այլ երկրներից եկած զբոսաշրջիկների հաշվին։